Հետաձգվեց Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը

12:04 • 15.03.12

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի, սկսվեց և նույն պահին էլ հետաձգվեց Ճաննապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով կրկին դատական նիստին չի ներկայացել Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:

Նշենք, որ սույն գործով դատական նիստը հետաձգվում է արդեն երրորդ անգամ, ընդ որում, վերջին անգամ այն հետաձգվել է երեկ: Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է կարդար մեղադրական ճառը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը և Արա Լևոնյանը, ինչպես նաև ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման և պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու մեջ:

Նախորդ դատական նիստերի ժամանակ մեղադրյալներն ընդունել են իրենց վերագրվող մեղադրանքը, բացառությամբ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ով նշել է, որ ինքն անմեղ է և որ իր «գլխին սարքել է» ՀՀ ոստիկանության այն ժամանակվա պետ Ալիկ Սարգսյանը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 27 ժամը 15:00-ին: