Ռուսների 44%-ը համամիտ է նախագահական ընտրությունների արդյունքների հետ

14:37 • 15.03.12

Սոցիոլոգները որոշել են պարզել, թե ինչպես է ռուս բնակչությունը վերաբերվում մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներին, արդյոք համամիտ է արդյունքների հետ: Հիշեցնենք, որ հինգ թեկնածուների պայքարում հաղթել էր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները, հարցվածների մեծամասնությունը` 44%-ը, վստահ է, որ դրանք համապատասխանում են ընտրողների կամքին: Դրանում համոզված են նախևառաջ Պուտինի կողմնակիցները (66%):

Մոտ մեկ երրորդը (34%) ընդունում է, որ որոշ թերություններ հնարավոր է եղած լինեն, որոնք, սակայն, ազդեցություն չէին կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա: Այսպես են կարծում առաջին հերթին միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի կողմանկիցները (47%):

Հարցվածների 14%-ն էլ կարծում է, որ ընդհանրապես պետք չէ վստահել ընտրություններին:

Ի դեպ, հարցվածները դրական են գնահատել ընտրությունների թափանցիկության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Օրինակ` 69%-ն արդյունավետ է համարել ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը:

Հարցումն անցկացվել է մարտի 10-11-ին, 138 բնակավայրերից 1.600 մարդու շրջանում: