Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում, որ ԲՀԿ-ի ընտրացուցակով կմասնակցի ընտրություններին

18:49 • 15.03.12

«Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հերքում է մամուլում վերջերս շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների կամ դրանց հնարավոր դաշինքի հետ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Ես երբևէ նման մտադրություն չեմ ունեցել։ Դա մտացածին ինչ-որ տեղեկություններ են: Նման խոսակցություն երբեք չի եղել: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, պատրաստվում եմ հյուրի կարգավիճակով որպես «Քաղաքագետների միության» նախագահ մասնակցել նրանց համագումարի աշխատանքներին»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

«Մասնակցել եմ նաև «Ժառանգության» համագումարին որպես Քաղաքագետների միության նախագահ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես մտադրություն ունեմ այդ կուսակցությունների ցուցակով գնալ ընտրությունների: Լինի դա Դաշնակցություն, լինի դա ՀԱԿ»–ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հարցին, հնարավոր է արդյոք, որ ԲՀԿ-ի հետ նույն ցուցակով նա մասնակցի ընտրություններին, հատկապես այն պարագայում, որ ժամանակին նա չի բացառել դա, «Քաղաքագետների միության» նախագահը դարձյալ ոչինչ չբացառեց։

Հովհաննիսյանն ասաց նաև, որը եթե ինչ–որ կուսակցությունից իրենց ընտրացուցակում ընդգրկվելու լինելու առաջարկ ստանա, ապա ինքն այդ մասին կտեղեկացնի հանրությանը։ «Երբ որ ես նման քայլ անելուց լինեմ, ճիշտ ժամանակին դուք դրա մասին կիմանաք: Հիմա այս աժիոտաժը ես համարում են ոչ տեղին: Մի բան կարող եմ Ձեզ ասել հստակ, որ ես անկուսակցական եմ»:

Հմայակ Հովհաննիսյանն ամեն դեպքում չբացառեց, որ մինչև առաջադրումների վերջին օրը` մարտի 22-ը, նա կամ մեծամասնական, կամ համամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություևններին։

«Մինչև մարտի 22-ը բավական ժամանակ կա և համամասնականով կամ մեծամասնականով իմ մասնակցության հետ կապված ես դեռևս ոչինչ չեմ բացառում: Ես համակրանքով եմ վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուասակցությանը, մտերիմ և ջերմ հարաբերությունների մեջ եմ կուսակցության նախագահի հետ 2006 թվականից»,- ասաց նա: