ՀՀԿ մեծամասնական ցուցակում և Հայաստանում օլիգարխներ չկան. ՀՀԿ պատգամավոր

16:55 • 15.03.12

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը չի կարծում, որ ՀՀԿ մեծամասնական ընտրակարգի ցուցակում ընդհանրապես օլիգարխներ կան ընդգրկված:

«Նույնիսկ Հայաստանում օլիգարխներ չկան, օլիգարխներն այլ երկրում են: Հայաստանն ինքն իրենով ամբողջ տնտեսությամբ դրսի ձեր ասած մեկ օլիգարխի ունեցած շրջանառությունը չունի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ինչ վերաբերում է գործարարներին, ապա, ըստ նրա, օրենսդրությունը չի սահմանափակում, երբ նա այդ բիզնեսը չի կառավարում:

«Մեր օրենսդրությամբ այդպիսի բան չկա, այսինքն՝ դու չես կարող ասել, որ Պոսող Պողոսյանը գործարար է: Եթե նա հայտարարում է, որ ես գործարար եմ, ես դա կընդունեմ, բայց եթե նա ընդհանրապես չի կառավարում, չի զբաղվում դրանով, ուրեմն օրենսդրությունը չի սահմանափակում»,- ասաց նա: