Կարսի բերդի արտաքին պարիսպները քանդվում են. ահազանգում են Կարսի բնակիչները

13:33 • 15.03.12

Կարսի պատմական բերդի արտաքին պարիսպները եղանակային վատ պայմանների և համապատասխան մարմինների անուշադրության հետևանքով սկսել են քանդվել:

Տարածքի բնակիչները ահազանգում են, որ եթե բերդի պարիսպներն ու աշտարակը ռեստավրացիայի չենթարկվեն, փլուզումն անխուսափելի կլինի: Նրանց պնդմամբ` անհասկանալի է, թե ինչո՞ւ է Կարսի բերդը անուշադրության մատնվել և քանդվելու դատապարտվել:

Բնակիչների խոսքերով` պատերը սկսել են քանդվել առատ տեղումների հետևանքով:

«Ձյունը և անձրևը պարսպի քանդման հիմնական պատճառներն են, քանի որ ձյան հետևանքով բավական մեծ փոսեր են առաջացել: Երբ դրան ավելանում է համապատասխան պաշտոնյաների անտարբերությունը, պարիսպների և աշտարակի քանդվելն անխուսափելի կլինի», - բողոքել են մարդիկ:

Ինչպես տեղեկացնում է haberler կայքը, Կարսի բերդի շրջակայքում գտնվող բազմաթիվ պատմական կոթողներ արդեն ոչնչացվել են` գանձ որոնող խմբերի կողմից:

Բնակիչներն էլ փաստել են, որ Կարսի բերդի շրջակայքից արդեն բազմաթիվ հուշակոթողներ վերացել կամ թալանվել են:

«Դա կանխելու համար ոչ ոք ոչինչ չարեց: Բերդի հետնամասում գտնվող հին զինապահեստը, աստիճանները, հողաշեն կառույցները, երկհարկանի քարե շինությունները, բոլորը թալանվել են: Այժմ հնարավոր է տեսնել միայն դրանց մնացորդները», - պատմել են նրանք:

Գանձ որոնողներն անգամ շինությունները քանդել և քարերն են գողացել: