Բնապահպանները Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույցը չեն դադարեցնի
Չնայած կառավարության որոշմանը՝ բնապահպան ակտիվիստները չեն դադարեցնի շուրջօրյա նստացույցը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանը վստահեցրեց, որ այսօր նույնպես ակտիվիստները կգիշերեն այգում:
«Ինչպես նախօրոք հայտարարել էինք շուրջօրյա նստացույցի համար ժամկետ սահմանելով մինչև մարտի 16-ը, այդպես էլ կանենք, և վաղն արդեն հանդես կգանք նոր հայտարարությամբ», - Tert.am-ին ասաց նա:
Բնապահպաններից իրավաբան Մերի Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու այգում այս պահին ավելի շատ ոստիկաններն են, քան ակտիվիստները:
«Մենք չենք դադարեցրել, ուղղակի հանգիստ ենք տվել: Երեկ լարված օր էր, ոստիկանների դավադիր գործունեության արդյունքում բարոյահոգեբանական ճնշում կա: Վաղը միանշանակ կլինենք այգում, այսօր ահագին երեխեք ուղղակի ի վիճակի չէին մնալ: Կոնկրետ ես արդեն 25 ժամ է չեմ քնել», - ասաց նա և ավելացրեց, որ բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու են պահանջել այգին ազատել ապօրինի տեղադրված կրպակներից:
Նշենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը:









