ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարող են օգտագործել նավթի ռազմավարական պաշարները
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննարկել են իրենց երկրների նավթի ռազմավարական պաշարներն օգտագործելու հնարավորությունը` ներքին ու միջազգային շուկաներում վառելիքի գների աճի ֆոնին, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հաստատել է, որ Քեմերոնի` ԱՄՆ այցի ընթացքում նախագահ Օբամայի հետ հանդիպմանը նման հարց քննարկվել է, սակայն հավելել է, որ ոչ մի համաձայնության կողմերը չեն եկել:
«Մենք կշարունակենք էներգետիկ անվտանգության ու վառելիքի գների հարցերի շուրջ համատեղ աշխատանքը»,- ասել է նա:
Ամերիկացի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ չեն բացառում ռազմավարական պաշարների օգտագործումը` երկրում դիզելային վառելիքի և բենզինի աճող գները զսպելու նպատակով:
Ի դեպ, վառելիքի գների աճը բացասաբար է ազդել Օբամայի վարկանիշի վրա: Այս խնդիրը նրա դեմ լավագույն ձևով օգտագործում են նրա հակառակորդները:
Վերլուծաբանները նշում են, որ գների աճը զգալի չափով հրահրել է Իսրայելը` Իրանին հարված հասցնելու սպառնալիքներ հնչեցնելով: Այս հանգամանքը դրդել է ամերիկյան նախագահին մի քանի անգամ կրկնել, որ «դրանք դատարկ խոսակցություններ են», և որ Վաշինգտոնը հույս ունի համոզել Թել Ավիվին չգնալ այդ քայլին:
Միջազգային շուկաներում նավթի գների աճը պայմանավորված է նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներով, որով` մի շարք երկրներ հրաժարվել են իրանական նավթի ներկրումից:









