Ռուբեն Հայրապետյանը՝ իր և մյուսների միջանձնային հարաբերությունների մասին

16:39 • 15.03.12

Լրագրողները, երբ գրելու նյութ չեն ունենում, անմիջապես անցնում են կամ «Հանրապետական»-«Բարգավաճ Հայաստան» կամ՝ Հայաստանի օլիմպիական կոմիտե- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա թեմային: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն՝ անդրադառնալով հարցին, թե, արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են:

Ավելին, ըստ Հայրապետյանի՝ ինքն ու Գագիկ Ծառուկյանը նորմալ և ջերմ հարաբերություններ ունեն, միգուցե պահի տակ ինչ-որ արտահայտություններ անեն միմյանց հասցեին, սակայն հետո պատրաստ են ներողություն խնդրել:

Լրագրողները, ըստ նրա, սխալ տպավորություն ունեն, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ խոսնակ դառնալուց հետո ինքն այլևս ոտք չէր դնում Ազգային Ժողով:

Սամվել Ալեքսանյանը միակ մարդն է, որը կարող է Ռուբեն Հայրապետյանին համոզել և անգամ ստիպել հետ կանգնել իր՝ այլևս պատգամավոր չդառնալու որոշումից:

Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում Սամվել Ալեքսանյանը ասել էր, որ «շատ է նեղվում, որ իր լավագույն ընկերն էլ ԱԺ-ում չի լինելու»:

Իսկ առավել ցայտուն ցույց տալու համար, որ ոչինչ իրեն չի ստիպել վերանայել որոշումը, Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց ավելի ուշադիր նայել իր դեմքին՝ հարցնելով, թե արդյոք ինքը նման է մարդու, ում կարելի է ինչ-որ բան ստիպել:

ՀԱԿ անդամ, ՀՖՖ նախագահի նախկին ընկեր Խաչատուր Սուքիասյանը երեկ անդրադառնալով «Բջնի» հանքային ջրերի գործարանի հայտնի գործարքին, որի արդյունքում 2008 թվականի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանի գործարանը աճուրդով վաճառվեց և գնվեց Հայրապետյանի կողմից, այն անվանել էր «այլանդակ գործարք»:
Պատասխան մեկնաբանություն տալու լրագրողներին հարցին ի պատասխան՝ ՀՖՖ նախագահը նախ առաջարկեց վերջ տալ այս թեմայով հարցերին, ապա նշեց՝«թող ազնիվ աշխատեին, չլիներ»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բարկանում է միայն այն ժամանակ, երբ զբաղված է լինում, ու իրեն այդ պահին զանգահարում ու հեռախոսով հարց են տալիս: Այս մասին ՀՖՖ նախագահն ասաց այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսին՝ առաջարկելով հնարավորինս շատ հարցեր ուղղել իրեն:

Ի պատասխան լրագրողները ՀՖՖ նախագահին հիշեցրին իր և «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրող Գրիշա Բալասանյանի միջադեպը: Ռուբեն Հայրապետյանն էլ նկատեց, որ եթե լրագրողը ցանկություն չունենար չէր լսի իր հայհոյանքը՝ անջատելով հեռախոսը, սակայն գերեդասել է ձայնագրել և հրապարակել:

ՀՖՖ նախագահը չի Ճանաչում իր կուսակից Խաչիկ Ասրյանին և Սպորտի ու երիտասարդության նախարարության որևէ պաշտոնյայի, բացի Արսեն Քարամյանից, չի ճանաչում: