Սաակաշվիլին ու Վեսթերվելեն քննարկել են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու Թբիլիսիում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն այսօր քննարկել են վրաց-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես հայտնում են Վրաստանի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում գերմանացի նախարարը դրական է գնահատել հարավկովկասյան այս երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական, քաղաքական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը:
Սաակաշվիլին ու Վեսթերվելեն նաև քննարկել են Վրաստանի` ՆԱՏՕ-ին և Եվրամիության անդամակցության հեռանկարը:
Սաակաշվիլին տեղեկություններ է փոխանցել նաև Վրաստանի «գրավյալ տարածքների» վերաբերյալ:
Հարավային Կովկաս այցը Վեսթերվելեն սկսել է Ադրբեջանից, վաղը նա կժամանի Հայաստան:









