Իրանը սպառնացել է Իսրայելին «մի լավ» պատասխան հարված հասցնել

14:20 • 15.03.12

Իրանը մի լավ պատասխան հարված կտա, եթե Իսրայելը, այնուամենայնիվ, որոշի ռազմական գործողություններ սկսել:

«Եթե Իսրայելը նման սխալ քայլի գնա, դա կործանում կնշանակի: Դա նրանք լավ գիտեն»,- այսօր դանիական ТВ2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` իրանցի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը չի ձգտում առճակատման գնալ որևէ մեկի հետ, սակայն «իրենք պատրաստ են պատերազմի, եթե այն սկսվի»:

«Ես մանրամասներ չեմ ներկայացնի, սակայն մենք մի լավ պատասխան կտանք»,- նախազգուշացրել է Սալեհին:

Նա մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում, և որ այս առումով իր երկրի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները «ֆանտազիա» են:

Ինչպես երեկ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով արևմտյան գործակալությունների, ԱՄՆ-ի բնակչությունը փոխել է իր վերաբերունքն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում: Հարցվածների կեսից ավելին կողմ է արտահայտվել այդ գաղափարին, մինչդեռ մեկ ամիս առաջ ամերիկացիներն այլ կերպ էին մտածում: