Հովհաննես Թամամյանի գործով կանցկացվի արագացված դատավարություն

18:16 • 15.03.12

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանը, Վահան Խանզադյանը, և Արմեն Պողոսյանը համաձայն են իրենց հասցեագրված մեղադրանքներին, սակայն այսօրվա դատական նիստին պահանջեցին, որպեսզի դատարանն անցկացնի արագացված դատաքննություն:
Այս մասին այսօր պարզ դարձավ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ էլ ընթանում է սույն գործով դատավարությունը:

Դատարանը` նախագահությամբ Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարեց և գործը կքննվի արագացված դատաքննությամբ: Այս կերպ դատարանում չի լինի ապացույցների ուսումնասիրությունների փուլ և դատարանում առկա փաստերով կկայացվի վերջնական վճիռը:

Արդեն հաջորդ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը կհրապարակի մեղադրական ճառը, իսկ դրանից հետո դատարանը կկայացնի վճիռը:

Նշենք նաև, որ Հովհաննես Թամամյանը կալանքի տակ է գտնվում ավելի քան տասը ամիս:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալմայոր ՀովհաննեսԹամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հովհաննես Թամամյանի հետ նույն գործով որպես մեղադրյալներ են անցնում, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը, ովքեր մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։

Դատական հաջորդ նիստը կկայանա սույն մարտի 20-ին ժամը 12:00-ին: