Բռնաբարության զոհն ինքնասպան է եղել իրեն բռնաբարողի հետ ամուսնացնելու վճռից հետո
Մարոկոյի հյուսիսի Տանժեր քաղաքի 16-ամյա բնակչուհի Ամինան ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ դատավորն առաջարկել է ամուսնանալ իրեն բռնաբարողի հետ: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն` հղում անելով մարոկկական լրատվամիջոցներին:
Անցած տարի աղջկա ծնողները բռնաբարության մեղադրանք էին ներկայացրել նրանից 10 տարով մեծ տղամարդու դեմ, բայց միայն վերջերս էր դատավորը որոշել, որ բռնաբարողը ոչ թե պետք է պատժվի, այլ ամուսնանա իր զոհի հետ: Աղջիկը մկնդեղ է ընդունել իր ապագա ամուսնու հարազատների տանը:
Մարոկկոյում գյուղական ավանդույթի և անգամ օրենքի մակարդակով ընդունված է աղջիկներին ամուսնացնել իրենց բռնաբարողների հետ` պատվի համար:
Մարոկոյի ֆեմինիստները շատ երկար ժամանակ է` պահանջում են վերանայել երկրի այն օրենքը, որի համաձայն բռնաբարողներն ազատվում են պատժից, եթե ամուսնանում են իրենց զոհի հետ:
Twitter-ում և Facebook-ում շատ մարոկացիներ պահանջում են միջոցներ ձեռնարկել որոշումն ընդունած դատավորի դեմ:









