Կանդահարում զանգվածային սպանությունն իրականացրել է 15- 20 ամերիկացի զինծառայող. մամուլ

10:39 • 16.03.12

Աֆղանստանում 16 խաղաղ բնակչի սպանել է ոչ թե մեկ ամերիկացի զինծառայող, ինչպես վստահեցնում է Պենտագոնը, այլ մոտ 20, հաղորդում են աֆղանական լրատվամիջոցները` վկայակոչելով դեպքի հետաքննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովին:

Հանձնաժողովում ընդգրկվել են հիմնականում խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները: Նրանք մեկնել են դեպքի վայր, երկու օր անցկացրել այնտեղ և հարցաքննել սպանդից փրկված ընտանիքների, նաև ականատեսների:

«Մարտի 11-ի սպանդն իրականացրել է ոչ թե 1, այլ 15-20 ամերիկացի զինծառայող: Մենք ուշադիր զննել ենք դեպքի վայրը, խոսել հարազատների կորցրած մարդկանց, վիրավորների ու տոհմերի առաջնորդների հետ», - ասել է պատգամավոր Համիձայ Լալայը:

Նա կոչ է արել աֆղանական կառավարությանը, ՄԱԿ-ին և միջազգային հանրությանն ապահովել մարդասպաններին աֆղանական դատարանի առաջ կանգնելու բոլոր պայմաններով: Նրա խոսքով` օրենսդիրները ձեռքները ծալած չեն նստի, մինչ բոլոր մեղավորները չպատժվեն Աֆղանստանի տարածքում:

«Եթե միջազգային հանրությունը հանցագործներին պատժելու գործում իր դերը չխաղա, խորհրդարանն օտարերկրյա զորքին օկուպանտ կհայտարարի», - ասել է պատգամավորը: