ՀԱԿ–ում հանդիպել են Գերմանիայի Մարդու իրավունքների քաղաքականության և Մարդասիրական օգնության Հանձնակատարին

17:09 • 16.03.12

Մարտի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության և Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցներ ընդգծել են ընտրությունների ազատ և արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաև եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար: Լ.Զուրաբյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար:

Անդրադարձ է եղել քարոզարշավի լուսաբանման խնդիրներին: Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաև այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: