Օսկանյանի հրավիրված լինելը չի ազատում նրան «Մարտի 1-ի» պատասխանատվությունից. Արարատ Զուրաբյան
«Ազատ դեմոկրատներն» իրենց համագումարին հրավիրել են այն քաղաքական ուժերին, որոնք իրենց պատկերացմամբ՝ չեն խոչընդոտում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման ընթացքը: Այս մասին կուսակցության երկրորդ արտահերթ համագումարից հետո հայտարարեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով այն հարցին,թե ինչու հրավիրյալների թվում ներկա չէին քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչներ:
Tert. am –ի հարցին, թե այդ դեպքում ինչպես բացատրել «Բարգավաճ Հայաստանի» անդամ Վարդան Օսկանյանի ներկայությունը, պատասխանեց Արարատ Զուրաբյանը և շատ կարճ. «Վարդան Օսկանյանի այստեղ հրավիրված լինելը չի ազատում նրան «Մարտի 1-ի» իրադարձությունների համար պատասխանատվությունից: Կարծում եմ՝ բավարարված եք»:
Հարցին, թե ինչու չէր հրավիրվել «Հայ ազգային կոնգրեսը», Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց՝ ասելով, որ խորին հարգանք տածելով հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ, այնուամենայնիվ, գտնում է, որ նրան հրավիրելը ձևական բնույթ կկրեր:
Արարատ Զուրաբյանն էլ հավելեց. ««Հայ ազգային կոնգրեսը» որպես այդպիսին ոչ ֆորմալ կազմակերպություն է: Հիմա դաշինք կձևավորվի, փաստաթղթերը կներկայացնենք, ֆորմալ հասցեատեր կլինի և կֆորմալացնենք նաև հրավեր ուղարկելու հարցը: Այսօրվա դրությամբ ՀԱԿ–ը բաղկացած է կուսակցություններից, որոնց ներկայացուցիչներին մենք հրավիրել ենք: ՀՀՇ-ին չենք հրավիրել, որովհետև նրանց, ում պետք է հրավիրեինք, այստեղ են»:
Նշենք, որ Tert.am –ի հարցը վերաբերում էր նրան, թե ինչու չկան Կոնգրեսի մի մաս կուսակցություններ և կան օրինակ՝ «Հանրապետության» ներկայացուցիչները:









