Ո՞ւմ հավատալ, Սփյուռքի նախարարի խորհրդականի՞ն, թե՞ «Արի տուն» ծրագրին մասնակցած երկու քույրերի «հորը»

10:15 • 16.03.12

Լուսանկարը՝ ArmeniaNow.com–ի

Tert.am–ը մարտի 14-ին հրապարակել էր «Ուզում ենք էդ էրեխուն, հարգենք, բայց… Ահազանգ Սփյուռքից՝ «Արի տուն» ծրագրի վերաբերյալ» վերնագրով մի հոդված, որի միջոցով փորձել էինք մեր նպաստը բերել Սփյուռքում ապրող մի հայ քաղաքացու խնդրի լուծմանը։ Բայց ավելի ուշ պարզվեց, որ մեր այս ցանկությունը մի իսկական գլուխկոտրուկի պատճառ էր դառնալու մեզ համար։ 

Ընթերցողին շփոթության մեջ չգցելու համար կարճ ներկայացնենք մի փոքր նախապատմություն։ Այսպես, վերը նշված հոդվածի հրապարակման օրը, առավոտյան Նիդեռլանդներից մեր խմբագրություն է զանգահարում Սամվել Շահվերդյան անուն–ազգանունով ներկայացած մի մարդ, և բողոքում, որ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում իր երկու դուստրերին ուղարկել է Հայաստան, նրանք լավ հյուրընկալության են արժանացել մի հայաստանյան ընտանիքում, ու հիմա էլ Սամվելն իր հարկի ներքո ուզում է հյուրընկալել նույն հայաստանյան օջախի երեխաներին, ինչին խոչընդոտում են «Արի տուն» ծրագրի պատասխանատուները։ Շահվերդյանի ներկայացմամբ իր համար ընդունելի էր նաև որևէ այլ չքավոր ընտանիքի երեխաների հյուրընկալումը։ «Ես շատ անհանգստացած եմ, գիտեք, ի վերջո մեր հայ բանվորի, աշխատողի, չունևորի երեխան էլ ունի իրավունք ամբողջ կյանքում գոնե իրեն տասը օր երջանիկ զգալու: Որ մարդը տեսնի, Հայաստանի էդ պղտոր միջավայրից բացի կա միջավայր, որտեղ մարդիկ կարող են մարդ լինել»,- Tert.am–ի հետ զրույցում նեղսրտում էր նա: Շահվերդյանի մտահոգություններին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։

Հրապարակման հաջորդ առավոտյան մեր խմբագրությունը զանգ է ստանում Նիդերլանդներում գործող Հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ և միաժամանակ Նիդերլանդերի հայկական համայնքում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիոսյանը և ահազանգում, որ Սամվել Շահվերդյանի՝ մեզ փոխանցած տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Ի պատասխան մենք խնդրում ենք պարոն Մարտիրոսյանին պաշտոնական հերքման գրություն ուղարկել, ինչը կատարվում է (հերքման տեքստին կարելի է ծանոթանալ ներքևում):
Ավելի ուշ պիտի պարզվեր, որ Նիդերլանդներից Սմբատ Մարտիրոսյանի «ահազանգը» միակը չէր։ Մեր խմբագրություն է զանգահարում Սիլվա անունով մի կին, և ասում, որ Սոնան և Ստելլան իր դուստրերն են, նրանք իսկապես մասնակցել են «Արի տուն» ծրագրին, ոչ մի դժգոհություն չունեն և Սամվելն էլ իր դուստրերի հայրը չէ։ Տիկին Սիլվան զայրացած էր հատկապես, որ «այդ Սամվել կոչեցյալը խաղում է մեր կառավարության հեղինակության հետ»։

Այս խճճված պատմությունից մի փոքր գոնե «գլուխ հանելու» համար մենք փորձեցինք կապ հաստատել Սամվել Շահվերդյանի հետ և պարզաբանումներ ստանալ, ինչը հենց առաջին փորձից ստացվեց։ Սամվելը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ստել է, իսկապես, երկու քույրերն իր դուստրերը չեն, բայց իր ներկայացրած խնդիրը իրականում կա և այն միակը չէ։ Նա, սակայն, հրաժարվեց այլ մեկնաբանություններով հանդես գալ՝ թախանձագին խնդրելով, որ իրեն հանգիստ թողնենք՝ ասելով որ նման կերպ վարվելու պատճառը իր հանդեպ կիրառվող ճնշումներն են։ «Էդ երեխեքը իմ սխալի պատճառով դարձան զոհ, և ես հիմա չգիտեմ թե ինձ էլ ինչեր են սպասվում»,– ասաց Սամվել Շահվերդյանը՝ ավելացնելով, որ զղջում է, որ զանգել է և ներկայացրել իր խնդիրը։

Այս գլուխկոտրուկի մեջ թերևս տեղին է հիշել մեդալի՝ երկու կողմ ունենալու հայտնի դրույթը, իսկ այդ երկու կողմերը տվյալ դեպքում կարելի է բնորոշել երկու հայտնի ասույթներով։ Մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ, ինչպես նաև Սմբատ Մարտիրոսյանի ուղարկած՝ երկու քույրերի դիմումների պատճեների համաձայն՝ Սամվել Շահվերդյանը ստել է երկու քույրերի՝ իր դուստրերը լինելու հարցում։ Եվ որքան էլ նա պնդում է, որ դա միակ սուտն է, որ նա ասել է իր խնդիրը ներկայացնելիս, ժողովրդական խոսքն ասում է «ձու գողացողը ձի էլ կգողանա»։ Մեդալի մյուս կողմն էլ թերևս կարելի է բնորոշել ժողովրդական մեկ այլ խոսքով. «Ծուխն առանց կրակ չի լինում»։

Ինչևէ, այս ողջ պատմության «ճիշտն ու սխալը» տարբերելը թողնում ենք ընթերցողի դատին։

Մեզ մնում է միայն ներկայացնել Նիդերլանդներում գործող Հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ և միաժամանակ Նիդերլանդերի հայկական համայնքում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիոսյանի հերքող տեքստը, ինչը անում ենք առանց խմբագրական միջամտության.

Թերթ.am խմբագիր
Պարոն Գ. Սահակյանին

                                      Նիդերլանդերի Թագավորությունում ,,Թագավորի պես ապրելու երազանքով,,..........
                                                                                  Հերքում

14 մարտի 2012թ. Թերթ.am–ում տպագրված ,, Ուզում ենք էդ էրէխուն հարգենք, բայց......,, վերնագրով Նիդերլանդերի Ուտրեխտ քաղաքում բնակվող Սամվել Շահվերդյանի անհեթեթ տեղեկությունների մասին հոդվածի:
Հոդվածի հեղինակը կամ ընդհանրապես տեղյակ չէ ,,Արի տուն,, ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացներին, կամ նպատակ ունի իր բարեկամին պատիվ տալու՝ պարտադրելով փոխադարձ այցելության կազմակերպումը զուտ անձնական ցանկությունները իրականացնելու համար:

Տեղեկացնենք, որ համաձայն «Արի տուն» ծրագրի կանոնակարգի ըստ հոդվածագրի ներկայացման 16 և 17 տարեկան Ստելլա և Սոնա Շահվերդյան քույրերը (ի դեպ նրանք Սամվել Շահվերդյանի դստրերը չեն) ՆՀԿՀՄ-ի միջոցով մասնակցել են «Արի տուն» ծրագրին և ի սկզբանե պետք է հյուրընկալվեին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից առաջարկվող հյուրընկալ ընտանիքներից մեկում, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկությունից, մնալով իրենց բարեկամի տանը՝ Արմավիրում:

Պետք է նշենք, որ եթե նույնիսկ հյուրընկալվեին մեկի ընտանիքում, ապա դա դեռ չի նշանակում, որ փոխադարձ այցելության ժամանակ պարտադիր պետք է այցելի այդ ընտանիքից որևէ մեկը, առավել ևս Ձեր պարագայում, Ձեր կողմից նշված բարեկամը՝ Արաքսյա Շահվերդյանը:

Տեղեկացնում ենք, որ փոխադարձ այցելության կազմակերպման դեպքում Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության Խորհուրդն է որոշում այցելության պայմանները, այսինքն Սփյուռքից այցելած անձի մասնակցությունը «Արի Տուն» ծրագրին ամենևին բավարար չէ, որպեսզի իր բարեկամը նույնպես այցելի Նիդերլանդներ:
Պայմաններին կարող եք ծանոթանալ նախօրոք ոչ թե կասկածներով և զրպարտելով, այլ ակտիվ մասնակցությամբ Միության գործընթացներին:

Խնդիրը կայանում է նրանում որ ,,Արի Տուն,, ծրագրի նպատակը ոչ թե փոխադարձ այցելությունն է կամ հարգելը, այլ փոխհամագործակցության միջոցով, երիտասարդ սերնդի շփման, հայրենիքի մշակույթին ծանոթանալու և այլնի նպատակն է Հայաստանում, իսկ ինչ վերաբերվում է այս կամ այն երկիր հայի այցելելուն վերոգրյալ նպատակով, ապա դա միայն տվյալ երկրի կազմակերպիչների ցանկությունն ու հօգածությունն է զուտ մարդասիրական նկատառումներով:

Եթե Ս. Շահվերդյանի անհանգստության պատճառը իրոք Հայաստանի ,,Էդ պղտոր միջավայրից էդ էրեխուն,, տաս օր մաքուր միջավայր հանելն է և հետ ուղղարկելը, այլ ոչ թե ապրելը այլ երկրում, ապա նա նախքան հոդված հորինելը, պետք է կապ հաստատեր կոնկրետ ՀՀ Սփյուռքի Նախարարության հետ՝ նախապես ծանոթանալով ,,Արի Տուն,, ծրագրին, քանի որ կոնկրետ Նիդերլանդերի Թագավորությունում գործում է Հայկական կազմակերպությունները Համակարգող Միություն, որի նախագահը միաժամանակ հանդիսանում է Նիդերլանդերի Հայկական Համայնքում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական պարոն Սմբատ Մարտիոսյանը, որին պետք է դիմեր գրավոր գրությամբ բարեկամի այցելության խնդրանքով:

Ձեր հայրենակցի (թերթի նշմամբ) պատմածով, եթե Նիդերլանդներում որևէ կազմակերպության հրավերով 100 հայաստանցի չքավոր ընտանիքի երեխաներ պետք է գային, ապա հավանաբար Ս. Շահվերդյանը պետք է հարցն ուղղեր ոչ թե ՀՀ Սփյուռքի Նախարարությանը, այլ տվյալ կազմակերպությանը, ով նման ծրագրով նախաձեռնել է ընդունել այդ հայաստանցիներին:
Հարգելի Ս. Շահվերդյան եթե դուք շատ եք մտահոգված ,,Ձեր,, աղջկա մեջ հայ մնալու ցանկությամբ, ապա փորձեք ոչ թե զրպարտել ՀՀ Սփյուռքի Նախարարության միջոցով իրականցվող ,,Արի Տուն,, հրաշալի ծրագրի կազմակերպիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրականացնելու Սփյուռքում ապրող հայերի հայեցի մնալու գաղափարը, այլ տեղեկանալ հենց սփյուռքում գործող կազմակերպությունների հոգսերի մասին և մասնակցել գործընթացներին, հետո նոր մտածել «Էրէխուն հարգելու մասին»:
Այո, ճիշտ է փոխադարձ այցելություն եղել է 2010թ դեկտեմբեր ամսին, մեկ շաբաթյա այցով Նիդերլանդերում հյուրընկալվել են Հայաստանից ժամանած թվով 11 երիտասարադներ, որոնք շատ գոհ վերադարձել են հայրենիք: Եթե դուք ստույգ տեղեկություններով այցելեիք Թերթ.am-ի խմբագրություն, երևի ավելի շուտ կտեղեկացնեիք այն անապահով ընտանիքի աղջկա մասին, որը վերոնշյալ այցելության հենց առաջին օրը թևի ծանր կոտրվածքով տեղափոխվել է Ամստերդամի ,,Սուրբ Մայրամ Աստվածածին,, բարձրակարգ հիվանդանոց, որտեղ կազմակերպվել է նրա ծանր վիրահատությունը, ինչպես նաև այցելութան թույլտվության երկարացման, տոմսի և նրա խնամքի հետ կապված մնացած բոլոր հարցերի լուծումը:

Դուք երկար տարիներ ապրելով Նիդերլանդներում, նույնիսկ, հավանաբար տեղեկություն էլ չունեք այդ մասին, չնայած՝ կարելի էր դրանով հպարտանալ Հայաստանում, որ հայեր կան Ձեր նման շատ վաղուց ապրող Նիդերլանդերում, որոնք անտարբեր չեն թե սփյուռքում և թե Հայաստանում ապրող կարիքավոր մարդկանց հանդեպ:

Ձեր բոլոր բացասական կասկածները փարատելու և ստույգ տեղեկություններ ունենալու համար Դուք պարզապես պետք է կապ հաստատեք սկզբից սփյուռքում ապրող հայերի հետ, հետո նոր մտածեք երեխաններին մաքուր միջավայր ցույց տալու, պատիվ տալու, և վերջապես «Ձեր աղջիկների» տխրությունը փարատելու համար:
Ի դեպ գրությանը կից Ձեզ ենք ուղարկում Ստելլա և Սոնա Շահվերդյանների կողմից Միությանը ներկայացրած տվյալների փաստաթղթերի պատճեները:

( հասկանում եք չէ ինչ ենք ուզում ասել....)
Հ.Գ
«Գուցե Արմավիրցի Արաքսյա Շահվերդյանի մաման ել է ասել դու գնա Սամվել Շահվերդյանի տանը մնա մինչև մնացած արմավիրցի Շահվերդյանները գան Նիդերլանդերի Թագավորություն, թագավորի պես ապրելու երազանքով» ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով իրականցվող ,,Արի տուն,, ծրագրի շնորհիվ:
Հարգելի պարոն Ս. Շահվերդյան անհամբերությամբ կսպասենք Ձեր ունեցած փաստերին:


Հարգանքով՝

Սմբատ Մարտիրոսյան