Ռազմական ոստիկանությունում զինվորին դաժանաբար ծեծել են. «Չենք լռելու»

10:28 • 16.03.12

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարաշել, որում պնդում է, թե մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում, զորամասերից մեկում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով բերման ենթարկված մի խումբ զինվորներ դաժան ծեծի են ենթարկվել:

«Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, ետ են տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և, պահանջելով որևէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել»,-ասված է «Չենք լռելու»-ի հաղորդագրությունում։

Նախաձեռնությունը, վկայակոչելոի իր հավաստի տեղեկությունները, հաղորդում է, որ այդ «խուլիգանությանն անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը»:

«Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին և տուն ուղարկելով»,- ասվում է «Չենք լռելու»–ի հաղորդագրությունում:

Ըստ նախաձեռնության՝ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա. «Հարկ ենք համարում նշել նաև, որ զինվորներին ծեծի ենթարկելը հայկական բանակում սովորական երևույթ է: Այն հատկապես տարածված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող զորամասերում, ուր հիմնականում ծառայում են որևէ «տանիք» չունեցող երիտասարդներ:  Այդ հանգամանքը թևեր է տալիս խուլիգան սպաներին: Ու եթե անգամ գլխավոր շտաբում նստած բարձրաստիճան զինվորականները ցանկանում են որևէ բան փոխել, բայց ոչինչ չի ստացվում, ապա թող ընդունեն սեփական անզորությունը և իրավիճակին չտիրապետեպելու հանգամանքը»,– ասվում է հայտարարությունում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ Ռազմական ոստիկանության պետի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն ՝«ներկայացված նյութում ներառվածի իսկությունը» պարզելու վերաբերյալ: