Դեպուտատ-մեպուտատ, ես պարապ չեմ էդքան. Արտաշես Ալեքսանյան

10:04 • 16.03.12

Դերասան Արտաշես Ալեքսանյանը ունի ցանկություն այս տարի անդամակցել որևէ կուսակցության, սակայն ոչ որևէ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

«Չէ, դեպուտատ-մեպետուատ չէ, ես պարապ չեմ էդքան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասանը, որը չգիտեր նաև, թե ինչ բան են համամամասնական ցուցակները, քանի որ հարցրեց՝ «ցուցակը որ՞ն ա, այ բալամ»:

Արտաշես Ալեքսանյանը չի նախընտրում ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանամետ որևէ ուղղություն (նույնիսկ դեռ մտածում է՝ արժի, թե ոչ) ու կորոշի, երբ բոլորը հանդես կգան նախընտրական ծրագրերով:

Ի պատասխան դիտարկմանը, թե, ըստ սոցիոլոգների, հայերը, որպես կանոն, ծրագիր չեն կարդում և առաջնորդվում են կուսակցությունների դեմքերով ու այլ գործոններով, Արտաշես Ալեքսանյանն ասաց. « Չէ, ես առաջնորդվում եմ ծրագրերով ու ստորակետներով. Ամեն մի ստորակետ մի հատ միտք ա փոխում»:

Հիշեցնենք, որ դերասանն այս պահին «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալում մարմնավորում է հայ մեծահարուստ գործարար Լորդի կերպարը, որը բացասական է դեր է ներկայացնում:

Հարցին, թե հայ մեծահարուստի, օլիգարխի կերպարը կերտելիս ավելի համոզիչ լինելու համար Ալեքսանյանը նախատիպեր ընտրում է հա՞յ գործարարներին, հետևում նրանց պահվածքին, հարցազրույցներին, դերասանը պատասխանեց. «Էդ համամարդկային համակցված կերպար ա, մենակ հայի չի: Ինքը վերաբերում է աշխարհի բոլոր էդ սորտի մարդկանց, աշխարհի բոլոր տեղերում էլ տեսակի, էդ բնավորության ու սորտի մարդիկ կան, բայց կոնկրետ «լաբավոյ», որ անես կարող ա վիրավորվեն»:

Դերասանը չի կարող պատասխանել այն հարցին, թե Լորդն իրականում գուցե ավելի լավն է, քան մեծահարուստներն են, քանի որ նրանց չի ճանաչում, նրանց հետ չի շփվել:

«Ինչ վերաբերում է Լորդին, սովորական մարդ ա, ուղղակի հարուստ մարդ ա… գիտե՞ս սենց մի հատ բան կա. չարը ե՞րբ ա դառնում չար, երբ բարին մերժվում է: Այսինքն՝ երբ սեր է տալիս և այդ սերը հասարակությունը կամ երկրագունդը չի ընդունում: էդ ժամանակ սրով է պետք աշխատել»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը՝ առաջարկելով մի քիչ է դիտել սերիալը ու համոզվել, որ իր կերտած կերպարն իր մեջ սեր ունի: