Մենք սարեր ենք շարժելու, և միասին. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ազատ դեմոկրատների» համագումարին

14:19 • 16.03.12

Քիչ առաջ ավարտվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարը:
Համագումարին ներկա չէին իշխող կուսակցությունները: Ինչպես Tert.am-ին ասաց կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը, ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին հրավերք չի ուղարկվել: Մինչդեռ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը ներկա էր համագումարին: Կուսակցության մամուլի քարտուղարը նշեց, թե նրան հրավիրվել են համագումարին, ոչ որպես ԲՀԿ անդամ, այլ որպես ուղղակի Վարդան Օսկանյան:

Ի դեպ համագումարին ներկա էր ՀԱԿ-ի մասի կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Այստեղ է նաև ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն արդեն իսկ հանդես եկավ ելույթով:

Ժառանգությունը գրեթե բոլոր պատգամավորական կազմով նույնպես այստեղ է և այլ կուսակցություններ:
Հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով:
ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն առաջինը սկսելով իր ելույթը,նախ ողջունեց, որ «Ազատ դեմոկարտները» նույնպես միացավ քաղաքական իշխանական համակարգի վերահսկման և զսպման պայքարին, որը չնայած, ըստ նրա, այս պահին զրոյական մակարդակի վրա է: «Ընդիմությունը չպետք է ընտրություններից ընտրություն պայքարի, այլ նաև այդ արանքում պայքարի՝ երկիրը տանելով ժողովրդավարության: Ես վստահ եմ, որ համախմվբված կարող ենք այս երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից»,-ասաց նա:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հույս հայտնեց, որ այս քաղաքական ուժը նունպես կհայտնվի ԱԺ-ում: «Աստված տա, որ մասնակցեք և հաղթեք, իսկ եթե ընտրություներն անցկացվեն այնպես ինչպես միշտ, մենք ձեզ կսպասենք փողոցում»,-ասաց նա:

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ելույթը բավական սուր էր և հիմնականում վերաբերում էր արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության և ռուսական կողմնորոշումից ազատվելու անհրաժեշտությանը։

Նա նկատեց, որ Հայաստանի ներկա վատ վիճակի պատճառը «ռուսասական իմպերիալիզմն է», որին պետք է փոխարինեն քաղաքակիրթ արևմտյան արժեքները, ինչպին հաջողվեց անել հարևան Վրաստանին:
«Մենք մեթոդների օրինակով մշտապես լինելու ենք ձեր կողքին և ուզում ենք համակարգային փոփոխություն, ոչ թե անձանց անձանցով փոխարինենք, այլ համակարգային եվրոպական մեխանիզմով»,-ասաց նա:

Ելույթով հանդես եկավ նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեև միասնական դաշինքով գնալու մասին հստակ հայտարարություն չարվեց, այնուամենայնիվ «Ժառանգության» առաջնորդն անթաքույց համակրանք և աջակցություն հայտնեց իր կուսակցության անունից և նշեց, որ հենց այս ուժերը միավորվելով մայիսի 6-ին և դրան հաջորդող օրը այս հանրապետության համար նոր արշալույս են բերելու: «Երիատասարդ կազմավորմամբ, բայց միևնույն ժամանակ նաև փորձառու իր հետագծով այս կուսակցությունը հայ մարդու ազատության ազգային շահի նվիրման մի հզոր ուժ է»,-ասաց նա:
Նա հավատացրեց, որ այս ուժերի դաշինքն ավելի պետականաստեղծ է լինելու, քան առանձին ուժերը միասին վերցրած:«Մեզանից վեր է մեր երկիրի ինքնիշխանությունը, շահն ու այս սերունդների ապագան: Մենք սարեր ենք շարժելու միասին»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատները» համագումարի ամփոփիչ բանաձևում լիազորեցին կուսակցության վարչությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափը որոշելու համար։

Ելույթ ունեացան նաև ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, ինչպես նաև գրող, հրապարակախոս Մարինա Պետրոսյանը:
Համագումարին հաջորդած ճեպազրույցի ժամանակ էլ «Ազատ դեմոկրատների» անդամ Արարատ Զուրաբյանը մեծ համոզվածություն հայտնեց «Ժառանգության» հետ դաշինք կկազմելու մասին։ «Դաշինք կազմելու հավանականությունը 99 տոկոս է, և եթե ատոմային պատերազմ կամ այլ ֆորս–մաժոր չլինի, դաշինքը կկայանա»,– ասաց Զուրաբյանը։