Նոր մանրամասներ ՌՈ–ում «զինվորին ծեծի ենթարկելու» միջադեպից. «Չենք լռելու»
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նոր մանրամասներ է ներկայացնում Ռազմական ոստիկանությունում, նախաձեռնության պնդմամբ, Արսեն անունով զինծառայողին ծեծի ենթարկելու մասին նոր մանրամասներ։
«Մասնավորապես, «Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, Արսեն անունով սևանցի երիտասարդի ծեծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նա սկսել է արյուն փսխել: Տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան արձակուրդ են տվել, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացնեն։ Այսօր բարձրացած աղմուկից հետո զինծառայողը վերադարձվել է զորամաս։ Նրա մարմնի վրա այս պահին առկա են բռնության հետքեր»,– ասվում է հայտարարությունում։
Հիեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն այսօր առավոտյան Tert.am-in հայտնել էր, որ Ռազմական ոստիկանության պետի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն ՝«ներկայացված նյութում ներառվածի իսկությունը» պարզելու վերաբերյալ:
Նախաձեռնությունը, վկայակոչելով իր «իրազեկ աղբյուրները» նշում է, որ գործը փորձելու են ծածկադմփոց անել և ավելացնում, որ «Չենք լռելու»–ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։









