Ջորջ Քլունին Բարաք Օբամայի հետ Սուդանի խնդիրներն է քննարկել
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մարտի 15-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այցի նպատակն է եղել քննարկել նախագահի հետ Սուդանում առկա ճգնաժամը: Զրուցակիցները խոսել են պատերազմի, բռնությունների և սովի մասին:
Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում դերասանը նշել է, որ «մեզ համար լավագույն նորությունն այն է, որ զգում ենք որ բարձր մակարդակի աջակցություն ունենք», գրում է News de stars-ը:
Քլունին մեկ շաբաթ եղել է Սուդանում և շատ է տպավորվել երկրում տիրող իրավիճակից:
«Երբ անձրևների շրջանը սկսվում է, անհնար է այլևս ինչ-որ բան անել: Մեծ է հավանականությւոնը, որ առաջիկա ամիսներին հազարավոր մարդիկ մահանան սովից: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այն ինչ կարող եմ անել, տիրող իրավիճակը ուշադրության կենտրոնում պահելն է», - հավելել է դերասանը` կոչ անելով շտապ մարդասիրական օգնություն առաքել:









