Պարսից ծոցի երկրները փակում են Դամասկոսում իրենց դեսպանատները
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը հայտարարել է, որ կազմակերպության բոլոր վեց անդամ երկրները որոշել են փակել Դամասկոսում իրենց դեսպանատները` ի նշան բողոքի քաղաքական հակառակորդների հանդեպ այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի կողմից իրականացվող բռնաճնշումների:
Համագործակցության խորհրդի անդամներ են Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Օմանը, Քուվեյթն ու Կատարը:
Ի դեպ, Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կտեղեկացնի օրերս Դամասկոսում սիրիական ղեկավարության հետ անցկացված բանակցությունների արդյունքների մասին: Նա հանդիպում էր ունեցել Բաշար ալ Ասադի հետ և քննարկել երկրում արյունահեղությունները դադարեցնելու հնարավորությունը:









