Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին ձերբակալվել է
Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին ձերբակալվել է այսօր Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ, հայտնում է CNN-ը: Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսում Քլունին հանդես է եկել ելույթով Սուդանում շարունակվող «սպանության արշավի» մասին: Նա հայտնել է, որ գյուղացիները փախնում են դեպի սարեր` պատսպարվելու ռմբակոծություններից, որոնք տեղի են ունենում գրեթե ամենօր:
«Այնտեղ տիրում է մշտական վախի մթնոլորտ»,- ասել է Քլունին՝ իր Սուդան կատարած այցից հետո: Մի խումբ ակտիվիստների հետ միասին նա այցելել էր ամենատուժած տարածքները` Նուբա սարերը Հարավային Կորդոֆանում:
«Մենք տեսել ենք վիրավորված երեխաներ, որոնք զրկվել են իրենց վերին և ստորին վերջույթներից», հայտարարել է Քլունին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:
Ամերիկացի դերասանի խոսքերով հարձակումների կազմակերպիչներն են Սուդանի կառավարությունը` նախագահ Օմար ալ-Բաշիրի, կառավարության անդամ Ահմադ Հարունի և պաշտպանության նախարար Աբդելրահիմ Մոհամեդ Հուսեյնի գլխավորությամբ: «Նրանք այն մարդիկ են, ովքեր կազմակերպել են հարձակումներ Դաֆուրում», - ասել է Քլունին:









