ՀՀԿ ծրագիրը բուբլիկի մեջի անցք է. Գուրգեն Եղիազարյան
«Հանրապետական» կուսակցությունը ծրագիրը գրելուց գիտի, որ դա բուբլիկի մեջի անցք է: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նա ներկայացրեց նախկին ընտրություններից առաջ իշխող կուսակցության ծրագրից մի քանի կետեր, մասնավորապես հիշատակելով այն դրույթները, ըստ որոնց յուրաքանչյուր քաղաքացի կարող է ձեռք բերել բնակարան ու ավտոմեքենա:
Բացի այդ, նա նկատեց, որ ծրագրում առկա մի կետ ներկայացվել է միջազգային իրավունքների կոպիտ խախտումով: «Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունն ու գիտելիքը կլինեն ամենամեծ պահանջարկ ունեցող ռեսուրսները»,- ՀՀԿ–ի ծրագրից մեջբերեց նա և ավելացրեց, որ Հայաստանում ապրում են այլ ազգի ներկայացուցիչներ նույնպես և սա ամենաուղղակի խտրականություն է: «Չնայած այդ միջազգային պրեսկոտների գնահատականին՝ այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքների խախտումով է ներկայացվում ծրագիրը և իրենք էլ գիտեն, որ դա փուչիկ է»,-ասաց նա և պահանջեց, որ ՀՀԿ-ն ներողություն խնդրի ազգային փոքրամասնություններից:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հակադարձեց. «Եթե բոլոր ծրագրերն իրականացրած լինեինք, կլիներ իդեալական երկիր: Բոլոր արտաքին մարտահրվերներն ու ներքին դժվարությունները հաղթահարել ենք»,-ասաց նա: Նա, ի պատասխան ՀԱԿ անդամի ներկայացրած հանդուրժողականության և բազմակարծության վերաբերյալ ՀՀԿ-ի ծրագրի կետերին՝ հիշեցրեց. «Բազմակարծությունը ձևավորվել է հենց մեր օրոք»:
Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի կորիզը հենց այդ տարիներին էր բանտերում:









