ԱԻՄ-ն ընտրություններին միայնակ չի մասնակցի. Պարույր Հայրիկյան

18:03 • 16.03.12

Ազգային ինքնորոշում միավորումը միայնակ չի մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, իսկ մյուս կուսակցությունների հետ կմասնակցի այն դեպքում, եթե նրանք Հայաստանը ժողովրդավարական դարձնելու ծրագիր ունենան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն նախ ասաց, որ ընտրություններից հետո, որ միավորումն այլևս գոյություն չի ունենա, սակայն հետո կարծես այլ կերպ ձևակերպեց իր խոսքը` նշելով. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի ԱԻՄ-ի հետ, այն կուռք չի: ԱԻՄ-ը երբեք էլ կուռք չի եղել ինձ համար և այս ընտրություններում ԱԻՄ–ականները կարող են սեփական հայեցողությամբ, որտեղ ուզեն մասնակցել»,- ասաց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու ընտրություններին առաջարկ է ստացել. «Ասել են թեկնածու չենք դնի կպաշտպանենք ձեզ, բայց դա ինձ չի գրավում»,- նշեց Հայրիկյանը:

Հայրիկյանը դժգոհ է ընտրություններին կուսակցությունների մոտեցումներից: «Սովորաբար ընտրություններին ի հայտ են գալիս նոր գաղափարներ, բայց ցավոք սրտի մեր այսօրվա արտահայտած դիրքորոշումներում որևէ արմատական փոփոխություններ անելու հայտարարություն չի հնչել, իսկ մենք լուրջ փոփոխությունների կարիք ունենք»,– ասաց նա:

Հայրիկյանի խոսքով՝ մեկ բառով այս իրավիճակը կարելի է անվանել աթոռակռիվ, երբ յուրաքանչյուրի միակ խնդիրը պետական համակարգում տեղ զբաղեցնելն է: