ՀՀԿ-ն հերքում է, թե աշխատանքի է հրավիրում, սակայն ՀՀԿ Արաբկիրի գրասենյակում հաստատում են դա
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը համարում է, որ կատարյալ անհեթեթություն է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե ՀՀԿ–ն ֆիքսված աշխատավարձով աշխատանքի է հրավիրում ակտիվիստների:
«Մենք չենք կարող հայտարարություն տալ և հրավիրել աշխատանքի։ Հայաստանի հանրապետական կուսկացությունը աշխատանքի տեղավորման գործակալություն չէ, որ նման բաներով զբաղվի: Մամուլում հրապարակվածը կեղծ է՝ սև փիառի օրինակ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ ընտրություններին ընդառաջ նման կեղծ հրապարակումներ շատ կլինեն:
Հովհաննես Սահակյանի հետ խոսելուց հետո Tert.am-ը կապվել է նաև ՀՀԿ Արաբկիրի գրասենյակ, և հեռախոսազանգին պատասխանող կինն ասաց, որ այո իրենք աշխատանքի հրավիրում են, սակայն հետաքրքրվեց, թե որ շենքում է բնակվում զանգահարողը:
Կինը Tert.am–ի թղթակցին ասել է, որ զանգահարողը չի կարող աշխատել իրենց մոտ քանի որ հենց այդ ընտրատարածքում չի բնակվում:
Հարցին թե որքան է աշխատավարձը, հեռախոսազանգին պատասխանող կինն ասաց, որ այդ ամենի համար պետք է գալ գրասենյակ և այնտեղ էլ իմանալ մանրամասները:
ՀՀԿ նշված գրասենյակը, ըստ տիկնոջ, գտնվում է Արաբկիր համայքնի Վաղարշ Վաղարշյան փողոցի 20 հասցեում:
Հիշեցնենք, որ «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը այսօրվա համարում տպագրվել էր հրապարակում, որտեղ նշվում էր, որ աշխատանքի են հրավիրում «ՀՀԿ» ակտիվիստների ֆիքսված աշխատավարձով: Հրապարակմանը կից կար նաև լուսանկար, որը պատկերում էր ՀՀԿ–ն լոգո և աշխատանքի հրավիրելու հայտարարությունը:









