Իսրայելը պահանջում է աշխատանքից ազատել «իրեն վիրավորած» ՄԱԿ-ի աշխատակցուհուն
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Փրոզորը պահանջում է աշխատանքից ազատել ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության աշխատակցուհի Հուլուդ Բադավիին, հայտնում է Jerusalem Post-ը:
ՄԱԿ-ի աշխատակցուհին Twitter-ի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում մի պաղեստինցի ձեռքերի վրա տանում է իր արյունոտված դստերը: «Պաղեստինն արյան մեջ է: Իսրայելը ևս մեկ երեխայի սպանեց», - գրվա է եղել լուսանկարի տակ:
Հետագայում պարզվել է, որ այդ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է 2006թ.-ին, և Իսրայելը ոչ մի կապ չունի նկարում պատկերված աղջկա սպանության հետ:
«Մարդասիրական հարցերի համակարգման վարչության նկատմամբ իսրայելցիների վստահությունն առանց այդ էլ այն չէ: Ահա թե ինչու այս գործով պետք է ձեռնարկվեն անհապաղ քայլեր», - հայտարարել է Փրոզորը:
Նրա խոսքով` Բադավիի գործողություններն ուղղված են Իսրայելի «սատանայացմանը» և կարող են հանգեցնել կոնֆլիկտի:
ՄԱԿ-ի կողմից արձագանքներ դեռևս չկան:









