Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույցը դադարեցվել է, բայց պայքարը շարունակվում է
Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույցը դադարեցվել է, սակայն այգումո տեղադրված կրպակներն ապամոնտաժելու պահանջով պայքարը շարունակվելու է։
Tert.am-ի հետ զրույցում բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը նշեց, որ գիշերները հավանաբար այլևս չեն մնա, սակայն դա չի նշանակում, թե ընդհանրապես նստացույց չեն անի:
«Չնայած կառավարության որոշմանը, այգին կրպակներից ազատելու պայքարն ամեն դեպքում շարունակվելու է, իսկ թե ինչ մեթոդներով, դա դեռ պետք է ընդհանուր քննարկենք և որոշում ընդունենք»,- ասաց նա:
Հիշեցնենք , որ երեկ Կառավարությունը հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը:
Ապրես Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում նաև ասաց, որ քաղաքապետարանին տրված վերջնաժամկետը՝ մարտի 16-ը, որն այսօր լրացավ, հետաձգվել է մինչև վաղը: «Քաղաքացիական դատավարության վճռից հետո պետք է որոշում կայացվեր, սակայն այսօր դատը հետաձգվեց և ըստ այդմ էլ վաղը՝ վճիռից հետո կորոշվի ինչ անել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամը 18:00-ին այգում նախատեսված է համերգ:









