«Միմինո» անվանումով գինի կարտադրվի Մոսկվայում
Ռուսաստանում հանրահայտ «Միմինո» ֆիլմի պատվին արտադրվելիք գինու մասին հայտնում է izvestia.ru-ն:
Մերձմոսկովյան ДулАлко գինու և օղու արտադրության ընկերությունը (սեփականատերը վրացի է) ծրագրում են հայտնի խորհրդային ֆիլմի անվանումը ալկոհոլային խմիչքի ապրանքանիշի վերածել: Իսկ Путинка, Володя и медведи և Rublevka ապրանքանիշերը ստեղծող Ստանիսլավ Կաուֆմանը գտնում է, որ վրացի օդաչուի մականունը կարող է հարմար լինել վրացական գինու կամ չաչայի (խաղողի օղու) անվան համար:
Ընկերությունն արդեն ապրանքանշանի գրանցման հայտ է ներկայացրել: Եվ նրանց կարծիքով հեղինակային իրավունքների խնդիր այս դեպքում չի կարող լինել: Ըստ ընկերության ներկայացուցիչ Լեոնովի` «Միմինո» բառը վրացերեն նշանակում է «բազե», իսկ ընդհանուր գործածության բառերի վրա հեղինակային իրավունքի մասին օրենքը չի տարածվում:
«Միմինո» ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են «Մոսֆիլմ» կինոստուդիային և մասամբ էլ ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիային:
Դանելիան ասել է, թե տարբեր գործարարներ բազմիցս իրեն դիմել են իր հայտնի ֆիլմերի վերնագրերը օգտագործելու խնդրանքով, բայց երբեք իրեն ֆինանսական հատկացումներ չեն արվել: Այդպես հայտնվել են Кин-дза-дза խաղատունը, Афоня ռեստորանը:









