Նալբանդյանն ու Վեսթերվելլեն քննարկել են ՀՀ և ԳԴՀ 20-ամյա համագործակցության արդյունքները

12:54 • 16.03.12

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն այսօր քննարկել են երկկողմ հարաբերությունները, այս մասին նախարարները հայտարարեցին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ներկայացրին քսանամյա համագործակցության ձեռքբերումները:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք, ինչը լավ հնարավորություն է՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը: Ստեղծել ենք տնտեսական դաշտ, ունենք առևտրական 400 փոխանակում: Ձևավորել ենք իրավապայմանագրային կարևոր դաշտ՝ մոտ 30 պայմանագիր և աշխատում ենք նոր պայմանագրերի վրա»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ երկու երկրների միջև ուժեղ են պառլամենտական կապերը:

ԳԴՀ արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն իր խոսքում նշեց, որ բացի տնտեսական զարգացումից, իրենք աջակցում են Հայաստանին՝ իրավական պետության զարգացման գործում: «Իրավական պետության զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանում մեծանա ներդրումների քանակը»,- ասաց նա:

Գիդո Վեսթերվելլեն տեղեկացրեց, որ երկու արտգործնախարարները համատեղ քննարկել են Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի, տարածաշրջանային հակամարտությունները։

«Մենք մտքեր փոխանակեցինք Սիրիայի մասին, երկուսս էլ այն կարծիքին ենք, որ պետք է այստեղ վերանան խժդժությունները, պաշտպանվեն ազգային փոքրամասնություննը: Իրանի մասին ևս քննարկում եղավ, և պետք է նշեմ, որ ԳԴՀ-ն համոզված է, որ միջազգային սանկցիաները անհրաժեշտ են այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կառուցողական և առարկայական բանակցությունների չի նստել միջազգային կազմակերպությունների հետ»,-ասաց ԳԴՀ արտգործնախարարը։

Գիդո Վեսթերվելլեն նաև ասաց, որ Գերմանիան չի կարող թուլ տալ, որ Իրանը միջուկային սպառազինություն ձեռք բերի և ավելացրեց, որ պետք է շարունակվեն «3+3» ֆորմատով բանակցությունները։