ԲՀԿ-ի համագումարին հրավիրված են «Եդինայա Ռոսիան», Չինաստանի կոմկուսը և այլ կուսակցություններ
«Բարգավաճ Հայաստանը» կուսակցության վաղվա համագումարին մասնակցության հրավերներ է ուղարկել կուսակցության արտասահմանյան գործընկեր քաղաքական ուժերից՝ «Եդինայա Ռոսիային» , Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցությունը» և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և եվրոպական որոշ քաղաքական ուժեր:
Այս մասին Tert.am–ին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե սպասո՞ւմ են, որ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինը ուղերձ կհղի կուսակցության համագումարին:
«Մենք անպայման ակնկալում ենք նրանց ներկայությունը: Թե ում կողմից ինչպիսի ողջույնի ուղերձներ կլինեն, պարզ կլինի ընդամենը մեկ օրից»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ 13-րդ համագումարին «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Արթուր Չիլինգարովն անձամբ ներկայացրեց Վլադիմիր Պուտինի ուղերձը։
Ի պատասխան Tert.am–ի հարցի, թե ուղերձ կլինի նաև ԲՀԿ-ին, ում հետ ունեն համագործակցության հուշագիր, Արթուր Չիլինգարովն ասել էր, որ «ուրեմն՝ համապատասխան վերաբերմունք ցույց կտրվի»:
Խաչիկ Գալստյանը չի ցանկանում մանրամասնել, թե որոնք են եվրոպական այս ուժերը և կրկին առաջարկում է մեկ օր սպասել:
Խաչիկ Գալստյանը «նման տեղեկություններ» չունի, որ նախկին ՕԵԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ ) և ԱԺ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանն անդամակցության դիմում են ներկայացրել ԲՀԿ-ին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի», «ժառանգության» հետ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը դիտորդ–անդամի կարգավիճակով անդամակցելու ԲՀԿ–ի ներկայացրած դիմումը մերժվել է:









