Գերմանիայի բայկերները նախկին ռազմական բունկերում մարիխուանայի պլանտացիա են աճեցրել

23:51 • 16.03.12

Գերմանական ոստիկանությունը Դյուսելդորֆ քաղաքում` Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակներից մնացած ռազմական բունկերում, մարիխուանայի պլանտացիա է հայտնաբերել, հաղորդում է Welt պարբերականը` վկայակոչելով ոստիկանության` մարտի 15-ի հայտարարությունը:

Բունկերը պատկանել է Clan 81 կոչվող բայկերական ակումբին, որը համագործակցում է Եվրոպայում հանրահայտ Hells Angels բայկերական ակումբի հետ:

Ոստիկանները նշում են, որ նախօրեին հայտնաբերած թմրամիջոցների պլանտացիան Հյուսիսային Վեսթֆալիայի տարածքում երբևէ հայտնաբերած նմանատիպ պլանտացիաների մեջ ամենախոշորներից մեկն է:

Որպես բույսերի հավանական սեփականատեր` ձերբակալվել է Clan 81 ակումբի նախագահը:


Պլանտացիան խնամել են ասիացի անօրինական ներգաղթյալները, որոնք ապրել են հարևան սրահում և օր ու գիշեր բունկերում են անցկացրել:

Բայկերների դեմ գործողությանը ավելի քան 500 ոստիկան է մասնակցել: Բացի Դյուսելդորֆից` խուզարկվել են նաև ակումբի` Օբերհաուզեն, Զոլինգին և Լանգելֆիլդ քաղաքներում եղած  սրահները, ինչի արդյունքում առգրավվել են կոշտ սկավառակներ, սառը զենքեր և այլ վտանգավոր պարագաներ:

Հատկանշական է, որ հսկայական պլանտացիայով բունկեր ոստիկանությունը նաև մեկ ամիս առաջ էր այցելել, սակայն բուսականությունը չէր նկատվել: Իրավապահները ժխտում են այս կապակցությամբ հնչող մեղադրանքները` պնդելով, որ մեկ ամիս առաջ խուզարկության թույլտվություն չեն ունեցել: