«Ժառանգության» հետ Դաշինքի ստեղծման պահը մեր խորին համոզմամբ հասունացել է. Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են առաջիկա ընտրություններում հանդես գալ միևնույն գաղափարական մտքերն ունեցող այլ կուսակցությունների հետ: Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն «Ժառանգություն» կուսակցության հետ արդար միասնական դաշինք կազմելու քաղաքական կամքը:
«Դաշինքի ստեղծման պահը մեր խորին համոզմամբ հասունացել է, դաշինք, որը վեր կլինի կուսակցական գործընթացներից: Մենք պետք է ունենանք այն քաղաքական կամքը, որ եղբայրական ձեռք սեղմենք: «Ժառանգություն»-ը ազնիվ է իր նպատակների մեջ, ուժ է, որը ռեալ գիտակցում է, որ պետք է քայլել համաշաշխարհային զարգացումների զուգընթաց»,-ասաց նա և ավելացրեց, որ երկու կուսակցությունների դաշինքը կլինի հեռանկարային և կարող է հանգեցնել բովանդակային լուրջ փոփոխությունների:
Կուսակցության նախագահ Խ.Քոքոբելյանը բոլոր ներկաներին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրերը: Կուսակցության գերակա խնդիրներն են.
« ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում և նրա մասնակցությունը գործընթացի կարգավորման բանակցություններին, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ճանաչման հասնելը: Այն պետք է ունենա ապահով սահման Հայաստանի հետ: Իսկ հայ-թուրքական խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների: Ճանապարհը դեպի Եվրոպա հաջողության ամենակարևոր գրավականն է»,-ասաց նա:
Այս ծրագրերի իրականացման ամենաբնականոն ճանապարհը, ըստ Քոքոբելյանի, ընտրություններին մասնակցելն է, որին իրենք, իր իսկ խոսքերով, ամենայն լրջությամբ են պատրաստվում:









