Հյուսիսային Կորեան Կիմ Իր Սենի 100-ամյակին Երկրի արբանյակ կարձակի
Հյուսիսային Կորեան այսօր հայտարարել է, որ ապրիլին Երկրի արհեստական արբանյակ կարձակի, հաղորդում է Reuters-ը:
Այն նվիրված է հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին, որն ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում նշվում է որպես պետական տոն:
Օտարերկրացի դիտորդներն այս կապակցությամբ նշում են, որ նախկինում նման արբանյակների արձակմամբ Փհենյանը ծածկում էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման փորձարկումները:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան համաձայնել է մորատորիում դնել իր միջուկային ու հեռահար գործողության հրթիռների փորձարկումների ու Յոնբենում գտնվող միջուկային օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքների վրա ` ԱՄՆ-ի կողմից սննդի մարդասիրական օգնության դիմաց:
Հյուսիսային Կորեան նաև թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ԱԷՄԳ-ի տեսուչներին ստուգումներ անցկացնել իր ատոմային օբյեկտներում:









