Աշխատավարձների չվճարման մասին լուրերը զուտ բամբասանքներ են. «Շանթ» հեռուստաընկերություն

15:33 • 16.03.12

Այսօր մամուլում տեղեկատվություն կար, որ «Շանթ» հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է՝ դժգոհություններ ունենալով վարձատրությունից։

Այս տեղեկատվության հետ կապված «Շանթը» հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ տպագրված նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և «դրանք հերյուրանքներ են, որոնք տարածվել են ինչ-որ շահագրգիռ նկատառումներով»:

««Շանթ» հեռուստաընկերության հեռուստասերիալները շարունակում են նկարահանվել իրենց գրաֆիկին համաձայն. որևէ դերասան չի հրաժարվում մասնակցել նկարահանումներին, իսկ աշխատավարձների չվճարման մասին լուրերը զուտ բամբասանքներ են և անբարեխիղճ ու ոչ պրոֆեսիոնալ լրատվության արդյունք: Ինչ վերաբերվում է աշխատավարձերի չափին, ապա մինչև Հայաստանում հեռուստասերիալի արտադրության մեկնարկը, դերասանները թատրոններում ամսեկան էին ստանում 10 հազար դրամի չափով աշխատավարձ:

Շնորհիվ հեռուստասերիալների` դերասանները նկատելիորեն բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, իսկ «Շանթ» հեռուստաընկերության հեռուստասերիալներում նկարահանվող դերասաններին էժան աշխատուժ անվանելը ընդամենը ծիծաղի է արժանի»,– ասված է «Շանթի» պարզաբանման մեջ: