Անքնության սպառնալիքները. փորձագետի կարծիք

14:50 • 16.03.12

Այս տարի Քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 16-ին: Այս տոնը հռչակվել է Քնի հարցերով զբաղվող առողջապահական համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ և նշվում է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա երրորդ ուրբաթ օրը:

Մասնագետների խոսքով` այս օրը թույլ է տալիս մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել անքնության խնդրին, որը հանգեցնում է բազմաթիվ հոգեկան և ֆիզիկական խանգարումների:

«Քնի ժամանակ վերականգնվում է մարդու նյարդային համակարգը, հանգստանում են մկանները, իսկ անքնությունը տարբեր հիվանդությունների հանգեցնող անմիջական ուղին է», - զգուշացնում է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Ասմոլովը:

Նրա խոսքով, եթե «մենք վերածվենք անքուն հասարակության, ապա կդառնանք նևրոտիկներ»:

«Այդ իսկ պատճառով ջերմ վերաբերվեք ձեր քնին»,- խորհուրդ է տալիս նա:

Հետազոտության համաձայն` Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը ենթակա է քնի տարաբնույթ խանգարումների: Առաջին հերթին նման խնդիր ունեն այն մարդիկ, որոնք աշխատում են հերթափոխով կամ գիշերային ժամերի: Անքնության հետևանքով նրանք ձեռք են բերում հիպերտոնիկ, քրոնիկ գաստրիտ, ստամոքսի խոց հիվանդություններ:

Գիտնականները նշում են, որ այսօր Երկրի բնակիչները թերագնահատում են քնի կարևորությունը և չեն գիտակցում դրա վատ ազդեցությունն իրենց առողջության վրա: Այն, բացի հոգեկանից, հանգեցնում է նաև հուզական խանգարումների` ընկճախտի, ախորժակի բացակայության, հումորի զգացողության կորստի:

Քնի համար անհրաժետ ժամաքանակ չկա: Գիտությանը հայտնի են մարդիկ, որոնց բավականացնում է նաև 4-5 ժամ քունը, օրինակ` այդքան են քնել Նապոլեոն Բոնապարտը, Ուինսթոն Չերչիլը, Մարգարեթ Թեթչերը:

Սակայն միջին վիճակագրական տվյալովներով` մարդուն հարկավոր է օրական 8 ժամ քուն, կանանց խորհուրդ է տրվում քնել տղամարդկանցից երկու ժամ ավելի: