Կառավարությունը փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը. բնապահպաններ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որ անդրադառնում է կառավարության 2012թ. մարտի 15-ի որոշմանը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ նշելով, որ ցանկանում է վերստին հստակեցնել իրենց պահանջը:
«Մաշտոցի պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք համարում մշտական և ժամանակավոր եզրույթների նման շահարկումը»,– ասվում է հայտարարությունում։
Նախաձեռնությունը նշում է, որ իրենց պահանջը հստակ է՝ կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել, Մաշտոցի պուրակը պահպանել և բարեկարգել որպես հանրային կանաչ գոտի:
«Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը»,– նշում են ակտիվիստները:
Հայտարարությունում նաև նշվում է, որ Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված իրենց «օրինաչափ գործողությունները շարունակվելու են մինչև խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ հանրային շահի»:
«Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ՝ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը»,– ասվում է հայտարարությունում:
Միաժամանակ, նախաձեռնությունը պահանջում է պատկան մարմիններից բացահայտել և հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել «մարտի 14-ի երեկոյան ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված պաշտոնյաներին և հրամանը կատարող ոստիկաններին»:









