ԼՂ–ում ստատուս քվոն չի կարող տևական լինել. Գերմանիայի արտգործնախարար
Լեռնային Ղարաբաղում ներկա ստատուս քվոն չի կարող լինել տևական, քանի որ այն խոչընդոտում է ողջ տարածաշրջանին, այս մասին այսօր Երևանում հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելլե՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Դա խանգարում է ողջ տարածաշրջանին: Հարցի լուծումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է փնտրվի փոխզիջման խաղաղ այլ տարբերակ: Երկու կողմերի միջև մերձեցման հասնելը շատ կարևոր է»,- ասաց նա և ավելացրեց, որ ԼՂՀ-ի հարցում ԳԴՀ-ն անհրաժեշտ է համարում տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքների միջև հավասարակշռության պահպանումը:
Գերմանացի լրագրողներից մեկը Էդվարդ Նալբանդյանին հարցրեց, թե ինչու առաջընթաց չի գրանցվում ԼՂՀ կարգավորման հարցում, ինչին ի պատասխան նախարարը բերեց մի քանի փաստարկներ:
«Վերջին հանդիպման ընթացքում Սոչիում մի կարևոր հայտարարություն արվեց, որտեղ խոսքը գնում էր, թե ինչ քայլեր պետք է արվեն առաջընթաց գրանցելու համար: Նման հայտարարություններ եղել են բազմիցս: Մեկ տարի առաջ դարձյալ Սոչիում բազմաթիվ կետերի շուրջ համաձայնության եկանք, բայց Ադրբեջանը չիրականացրեց: Սա օրինակներից մեկն է, որ պայմանավորվում ենք մի բան, հետո Ադրբեջանը հետ է կանգնում»,- ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ երբ որոշ հարցերի շուրջ Ադրբեջանի նախագահի հետ համաձայնության են գալիս, պայման է դնում մոտ տասը կետ փոխելու մասին:









