Ժիրինովսկին Պուգաչովայից ներողություն չի խնդրել և չի էլ պատրաստվում (տեսանյութ)

00:53 • 16.03.12

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով քաղաքական բանավեճերից մեկի ժամանակ, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հետ վիճաբանության մեջ էր մտել և «ծախվածության» մեջ մեղադրել, հայտարարել է, որ երգչուհուց ներողություն չի խնդրել` ինչպես շտապել են հաղորդել որոշ լրատվամիջոցներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Մի շարք լրատվամիջոցներ չգիտես որտեղից վերցրած տեղեկությունների հիման վրա հաղորդում են, որ Վլադիմիր Ժիրինովսկին երգչուհի Ալլա Պուգաչովայից ներողություն է խնդրել: Պաշտոնապես հայտարարում ենք, որ դա կեղծիք է: Ներողություններ չեն եղել և չեն էլ լինի: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության կարծիքը չի փոխվել: Մենք շարունակում ենք քննադատության արժանի համարել Ռուսաստանի էստրադային աստղի պահվածքը, ով անտեսում է համերգային երկրպագուների և հեռուստատեսային քաղաքական հաղորդման տարբերությունը», - հայտարարել է ՌԴ լիբերալ դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ երկրորդ ալիքի «Մենամարտ» հեռուստահաղորդման շրջանակներում բանավիճել էր` նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ Պուգաչովայի հետ: Վեճն այնքան էր թեժացել, որ Ժիրինովսկին ռուսական էստրադայի պրիմադոննային և մյուս արտիստներին պոռնիկ էր անվանել. «Դուք, ինչպես վերջին մարմնավաճառները, ցանկացած ղեկավարի տակ կպառկեք փողի համար»:

Պուգաչովան էլ իր հերթին Ժիրինովսկուն ծաղրածու և խելագար էր անվանել. «Դուք մեր երկրի խայտառակությունն եք»:

Ժիրինովսկին շարունակել էր վիրավորել Ալլային. «Նա չի հասկանում, օրենքներ չի կարդում, նա ընդամենը մեկ օրենք ունի` 5 րոպեն մեկ փոխել ամուսիններին»: