Քաղաքացիական աֆղանստանցիների սպանած ամերիկացի զինվորականը սերժանտ Բեյլսն է
Հայտնի է դարձել Աֆղանստանում 16 խաղաղ բնակիչների սպանած ամերիկացի զինվորականի անունը: Նա ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսն է, որին արդեն տեղափոխել են Կանզաս նահանգի Պորտ Լեվենուերթ ռազմաբազայի կալանավայր, տեղեկացնում է Accosiated Press-ը։
38-ամյա սերժանտը մինչ այդ գտնվում է Քուվեյթի ամերիկյան ռազմաբազայում։ Բեյլսն Աֆղանստան էր ժամանել 2011թ. դեկտեմբերին, որտեղ պետք է անցկացներ 4 տարի։ Մինչ Աֆղանստան մեկնելը, նա մասնակցել էր մի շարք ռազմական գործողությունների, այդ թվում, երկու անգամ գործուղվել էր Իրաք։
Սերժանտի դատապաշտպան Ջոն Հենրի Բրաունը հայտարարել է, որ տվյալ գործը սովորական քրեական հանցագործություն չէ և հաստատել, որ իր պաշտպանյալի նկատմամբ հնարավոր է մահապատժի վճիռ կայացվի։
Բրաունը զարմանքն է հայտնել, որ իր պաշտպանյալը ծառայության ընթացքում ստանալով գանգուղեղային վնասվածք, կրկին տեղափոխվել է թեժ գոտի։ Դատապաշտպանը հավելել է, որ հանցանքի հիմնական պատճառ կարող էր լինել զինվորականի սթրեսային վիճակը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Կանդահարի շրջանում գտնվող գյուղերից մեկում Բեյլսը սպանել էր 16 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 9 երեխայի։
Ամերիկացի զինծառայողի ակնկալվող պաշտոնական մեղադրանքը կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։









