Մեր երկրի գլխավոր հերոսը պիտի լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ բարիք ստեղծող մարդը. Գագիկ Ծառուկյան
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ԲՀԿ 6-րդ համագումարին ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի ելույթը աչքի ընկավ բավական քննադատական երանգներով։ Ծառուկյանը անդրադարձավ ոչ միայն Հայաստանում առկա հաջողություններին, այլ նաև բացթողումներին։ Մասնավորապես, Ծառուկյանը հատուկ ուշադրություն հատկացրեց աղքատության և արտագաղթի խնդիրներին։ «Եթե նայենք ինքներս մեզ, պետք է մի հարց տանք։ Ինչպե՞ս է ստացվում, որ մեր հայրենակիցները արտասահմանում հասնում են մեծ հաջողությունների, իսկ իրենց հայրենիքում չեն կարողանում»,– հարցադրում կատարեց Ծառուկյանը՝ որպես պատճառ նշելով մեր երկրում «միջավայրի բացակայությունը»։
«Եթե այս հարցին անմիջապես լուծում չտրվի, մենք ստիպված ենք գրանցելու աղքատության ավելի մեծ աճ, արտագաղթի ավելի մեծ ծավալներ: Պետք է պայմաններ ստեղծել, որ մարդը հեռանալու մասին չմտածի, մեր երիտասարդները պետք է ապագան ստեղծեն Հայրենիքում»,-ասաց նա: Իսկ դրա կանխման միակ լուծումն, ըստ նրա, աշխատատեղերի ստեղծումն է: Խոսելով 2008 համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից՝ Գագիկ Ծառուկյանը դրա ազդեցությունը հատկապես մեծ համարեց փոքր և միջին ձեռնարկությունների վրա, որոնց համար այն, ի տարբերություն խոշոր բիզնեսի, «լինել– չլինելու խնդիր» դարձավ: «Պետությունը պետք է այդ խավին աջակցի և արտոնութուններ տա: Սա է կայացման ճանապարհը»,- որպես լուծում առաջարկեց նա՝ ավելացնելով, որ այս խնդիրը դրված է նաև ԲՀԿ առաջիկա 5 տարիների ծրագրում:
Ծառուկյանը նաև ԲՀԿ անունից հանդես եկավ առաջարկով՝ «սկզբնական կապիտալիզմից անցում կատարել մարդկային կապիտալիզմի, այսինքն` ժողովրդական կապիտալիզմի»։ Գործարար միջավայրը բարելավելու համար անհրաժեշտ է ներդրումներ, դրսի կապիտալ»,-նշեց նա: «Մեր երկրի գլխավոր հերոսը պիտի լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ այն մարդը, որը բարիք է ստեղծում»,– ասաց նա։
Ծառուկյանը պատասխանեց նաև մեծանուն ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի հարցադրմանը, թե ինչպես է պետությունը կանխելու արտագաղթը՝ նշելով, որ այն ունի հստակ պատասխան. «պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր»
ԲՀԿ առաջնորդը նաև նկատեց, որ իր կուսակցության համար մեծ նշանակություն ունի նաև համերաշխություն խնդրը: Նա կարևորեց խաղաղության հաստատումը թե սահմաններում, թե երկրի ներսում: «Ոչ ես, ոչ ԲՀԿ որևէ անդամ հանդես չի գալիս թշնամանքով որևէ այլ կուսակցության նկատմամբ: Պետք է ստեղծել համերաշխության մթնոլորտ, լսել միմյանց տեսակետները, որպեսզի մայիս 6-ի ընտրություններին դուրս գանք համախմբված»,-նշեց նա՝ որպես երկիրը այս վիճակից դուրս բերելու ևս մեկ կարևոր գործոն:
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները պետք է միանշանակ անցնեն ազատ և արդար, քանի որ դա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար:
« Արդար ընտրությունների շուրջ պետք համախմբվի ողջ քաղաքական դաշտը»,-ասաց նա և նշեց, որ այդ կերպ կարելի է պահպանել ընտրողի իրավունքը: Նա հավատացրեց, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է մեր ժողովրդի հավատն ու հույսը վերադարձնելու համար:
«Մենք ժողովրդին երբեք հուսախաբ չենք արել, և այս անգամ նույնպես արդարացնելու ենք ձեր հույսերը: Մենք ունենալու ենք բոլորի երազած բարգավաճ Հայաստանը»,-ելույթը եզրափակեց Ծառուկյանը:









