Մեկնարկում է ԲՀԿ 6-րդ համագումարը
«Բարգավաճ Հայաստանի» 6 –րդ համագումարին կուսակցությունը գնում է նորացված կայքով, որում աչք են զարնում ԲՀԿ-ի երկու՝ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» և «Հավատա’, վստահի’ր, պահանջի’ր» կարգախոսները: Չնայած կայքում միայն այս երկու կարգախոսների երևալուն, կուսակցությունն ունի ևս երկու կարգախոս՝ «Մեր խոսքը գործ է», «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք»:
Հարցին, թե ինչու են այս ընտրություններին ԲՀԿ-ի կարգախոսներն այդքան շատ, ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը Tert.am –ի հետ զրույցում պատասխանեց՝«որովհետև դրանք այսօր խիստ արդիական են»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նոր կարգախոսներից մեկն էլ «Հավատանք, որ փոխենք»-ն է: Ի պատասխան մեր այն դիտարկման, որ կոալիցիոն կուսակցությունների կարգախոսներում առկա «հավատալ» բառը վերջերս հաճախ մեկնաբանվում է իբրև ժողովրդին համոզելու քարոզչական հնարք, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ «Հավատա’, վստահի’ր, պահանջի’ր» կարգախոսը նոր չէ, և գալիս է դեռ 2007 թվականից: «Կարծում ենք՝ այն արդիական է նաև այսօր, իսկ մնացած կուսակցությունների կարգախոսների հետ մենք բացարձակ գործ չունենք»:
Համագումարում ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ակնկալվող ուղերձի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց մի քիչ էլ սպասել: «Կգաք համագումար և ամեն ինչ կտեսնենք։ Իսկ նման ուղերձ մասին լուրերը, որ մամուլային ապատեղեկատվություն էին, ապա՝ մամուլի վերլուծությունների առիթ, ես չեմ մեկնաբանում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ 6-րդ համագումարին մասնակցելու համար ժամանել են պատվիրակություններ ՌԴ-ից, Ուկրաինայից, Չինաստանից, Խորվաթիայից:
Հավանական է, որ ԲՀԿ համագումարը ուղերձով ողջունելու է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը, իսկ ուղերձը կներկայացնեն չինացի դիվանագետները:
Հիշեցնենք, որ ԲՀԿ 5-րդ համագումարին, որը տեղի է ունեցել 2011թ. փետրվարի 12-ին դրսից հյուրեր չէին մասնակցում, միայն մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՛ «Հանրապետական» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:









