«Խոսքի իրավունք» միավորումը դատապարտում է ՊՆ քննչական վարչության գործողությունները
«Խոսքի իրավունք» միավորումը հաղորդագրություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Lurer.com էլեկտրոնային լրատվական կայքի թողարկման պատասխանատու Արթուր Մինասյանի` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչություն կանչելու և պարզաբանումներ պահանջելու երևույթը:
Ըստ հայտարարության՝ Արթուր Մինասյանից պարզաբանումներ են պահանջել նախօրեին կայքում հրապարակված, բանակում տեղի ունեցած միջադեպերից մեկի մասին տեղեկատվական արտահոսքի վերաբերյալ: Քննիչը լրագրողից փորձել է պարզել Ռազմական ոստիկանության աղբյուրի տվյալները:
««Խոսքի իրավունք» միավորումը ստիպված է հիշեցնել ՊՆ իրավապահ մարմինների աշխատակիցներին, որ, համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, լրատվական գործունեություն իրականացնողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, և այդ կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»,– ասված է հաղորդագրությունում։









