Խաչատուր Սուքիասյանը 10 ամիս 20 օր անընդմեջ բնակվել է ՀՀ-ից դուրս. Ոստիկանություն

17:02 • 17.03.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանին 06.03.12-ին տրված տեղեկանքը ճանաչվել է անվավեր, քանի որ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ 2010 նոյեմբերի 26-ից մինչև 2011 թ-ի հոկտեմբերի 16-ը, այսինքն՝ 10 ամիս 20 օր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ-ում չի բնակվել, այս մասին Tert.am-ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի մի շարք հարցադրումների առիթով Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատուր Սուքիասյանին վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները: Ուսումնասիորւթյամբ պարզվել է որ Խաչատուր Սուքիասյանի վերջին տվյալները չեն համապատասխանում ՀՀ-ում մշտապես բնակվելու օրենքով սահմանված պահանջին, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը տևական ժամանակ անընդմեջ բնակվել է ՀՀ-ից դուրս»,- ասաց նա:

Ուստի, ըստ նրա, հիմք ընդունելով բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքի պահանջները՝ անձնագրային և վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքասյանին, տեղեկացնելով նրան ուսումնասիրության արդյուքնների մասին: Նամակի պատճենը ներկայացվել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի, նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է հանդիսացել:

Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանն այսօր դիմում է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին բերելով հակափաստարկներ և խնդրելով՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել իրեն, որպես պատգամավորի թեկնածու: