Խաչատուր Սուքիասյանի թեկնածության գրանցումը հարցականի տակ է
Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունը, որը մարտի 12 –ին Երևանի թիվ 10 ընտրատարածքից առաջադրված Խաչատուր Սուքիասյանին Հայաստանում վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք էր տրամադրել, մարտի 15-ին երկրորդ գրությունն է ուղարկել Ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներ այն մասին, որ իր առաջին տեղեկանքը իրականությանը չի համապատասխանում:
Այսինքն Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում Հայաստանում չի բնակվել: Այս մասին Tert.am-ին հայտնած թիվ 10 ԸԸՀ-ի նախագահ Սամվել Յազրյանը չընդունեց, որ փաստորեն, ոստիկանության ներկայացրած տեղեկանքը այն մասին է, որ առաջին տեղեկանքը սխալ է: »Չէ, այնտեղ ասվում է, որ լրացուցիչ ուսումանասիրություններ են կատարել և պարզել, որ նա վերջին հինգ տարում ՀՀ-ում չի բնակվել»,-ասաց ԸԸՀ նախագահը:
Հիշեցնենք, որ պատգամավորության թեկնածության առաջադրման համար պահանջվող փաստաթղթերն են ՀՀ քաղաքացիությունը և ՀՀ –ում վերջին հինգ տարին բնակվելը:
Հարցին, թե արդյոք մերժման որոշում կկայացվի, Սամվել Յազրյանը պատասխանեց ասելով, որ մինչև առաջադրման ժամկետի ավարտը ժամանակ կա, և կուսումնասիրեն ու որոշում կկայացնեն:
Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության երկրորդ տեղեկանքից մի օրինակ էլ ուղարկվել է Խաչատուր Սուքիասյանին, ով ըստ որոշ տեղեկությունների՝ պատրաստվում է վերջին տեղեկանքը բողոքարկել Վարչական դատարանում:
Tert.am –ին դեռ չի հաջողվել կապվել կապվել Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մակրտչյանի հետ և այս առնչությամբ մեկնաբանություններ վերցնել:









