Ջորջ Քլունին ազատ է արձակվել` 100 դոլար տուգանք վճարելուց հետո
Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալությունից մեկ ժամ անց ազատ է արձակել հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հոլիվուդյան աստղը 100 դոլար տուգանք է վճարել ազատ արձակման դիմաց:
«Կարծում եմ` մեզ այլևս չի թույլատրվի գտնվել Սուդանի դեսպանատան մոտ»,- կատակել է դերասանը:
Քլունին ձերբակալվել էր ուրբաթ, Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան մոտ անցկացված ցույցի ժամանակ` իրավապահներին չենթարկվելու համար:
Ցուցարարներն աֆրիկյան պետության ղեկավարությունից պահանջել են դադարեցնել տարվող քաղաքականությունը, որը թույլ չի տալիս պարենային օգնություն հասցնել Հարավային Սուդանի բնակչությանը:
Ակցիան, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, սկզբում ընթացել է հանգիստ, սակայն այն բանից հետո, երբ ամերիկացի օրենսդիրներն ու ակցիայի այլ մասնակիցներ սկսել են ելույթ ունենալ դիվանագիտական ներկայացուցչության շենքի աստիճանների վրա, ոստիկանությունը խնդրել է նրանց ցրվել: Ցուցարարները, սակայն, չեն ենթարկվել ոստիկանական պահանջին, ինչի պատճառով իրավապահներն անցել են ձերբակալությունների:









