Մինսկի մետրոյի ահաբեկչության կազմակերպիչը մահապատժի ենթարկվեց
Բելառուսում երեկ մահապատժի է ենթարկվել նախորդ տարվա ապրիլին Մինսկի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչ Վլադիսլավ Կովալյովը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, կատարվածի մասին գրավոր տեղեկացվել է Կովալյովի մորը, ով գրավոր դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` մեկ տարով մահապատժի իրագործումը հետաձգելու խնդրանքով: Նա հույս ուներ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն այդ ժամանակահատվածում կվերանայի իր` ապրելու իրավունքի խախտման մասին բողոքը:
Այս շաբաթ Լուկաշենկոն հրաժարվել էր ներում շնորհել Կովալյովին և Դմիտրի Կոնովալովին (նա նույնպես մահապատժի է դատապարտվել միևնույն գործով):
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլին «Օկտյաբրյսկայա» մետրոկայարանում պայթյունի հետևանքով զոհվել էր 15, վիրավորվել ավելի քան 200 մարդ:









