Լիբիայում գրոհայինները հարձակվել են ցուցարարների վրա. կան զոհեր

13:22 • 17.03.12

Հրացաններով ու դանակներով զինված մի խումբ մարդիկ հարձակվել են Բենգազիում ցույցի ելած հազարավոր բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, ցուցարարները հանդես են գալիս երկրի Բարքի շրջանի ինքնավարության օգտին (Կիրենաիկան պատմական շրջան է Հյուսիսային Աֆրիկայում):

Անկարգությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Ականատեսների վկայությամբ` զինված անձինք հարձակվել են ամբոխի վրա և կրակ բացել մարդկանց ուղղությամբ, ինչից հետո խուճապ է սկսվել: Հարձակվողների արարքներից տուժել է նաև «Լիբիա ալ Ահրար» հեռուստաընկերության գրասենյակը:

Փողոց դուրս եկած ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում Բարքի շրջանին ամբողջական ինքնավարություն տրամադրելու օգտին: Շրջանի էլիտան մարտի 6-ին հայտարարել էր նավթով հարուստ այս տարածքում ինքնավարության ստեղծելու մասին: Այս քայլի կողմնակիցները ենթադրում են, որ ամբողջական ինքավարությունը թույլ կտա վերջ դնել շրջանի մարգինալացմանը, քանի որ Մուամար Կադաֆիի ղեկավարման տարիներին Լիբիայի գրեթե ողջ արդյունաբերությունը կենտրոնացած էր երկրի արևմուտքում: Սակայն այս գաղափարին չեն աջակցում երկրի իշխանություններն ու միջազգային հանրությունը:

Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը Բենգազիում կատարվածն անվանել է «օտարերկյա դավադրության արդյունք»: