Ռուսական НТВ հեռուստակայանի կայքը հարձակման պատճառով խափանումներով է աշխատում (տեսանյութեր)

00:19 • 17.03.12

Ռուսական НТВ հեռուստակայանի կայքը անհասանելի է դարձել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Հեռուստակայանի կայքը սկսել է խափանումներով աշխատել ժամը 21:55-ից. այդ ժամանակից սկսած` գրվում է Internal Server Error սխալի մասին հաղորդագրությունը:

Կայքի խափանումը հաստատել է նաև կայքերի մոնիթորինգի` downforeveryoneorjustme.com ծառայությունը: ntv.ru-ի խափանման ճշգրիտ պատճառները դեռ անհայտ են:

Կայքի աշխատանքի խափանման ամենահավանական պատճառը կարող է լինել Ddos գրոհը:


Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ երեկոյան ntv.ru կայքի դեմ Ddos գրոհ է նախապատրաստվում` որպես բողոքի նշան հեռուստաընկերության կողմից «Բողոքի անատոմիա» (Анатомия протеста) ֆիլմի ցուցադրության դեմ:

«Բողոքի անատոմիա» ֆիլմը նախօրեին ցուցադրվել էր НТВ ալիքով, և բազմաթիվ մարդկանց վրդովեցրել էր, քանի որ հեղինակները ֆիլմում պնդել են, թե Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին մասնակցող անձանց մեջ շատ են եղել այնպիսիք, որ մասնակցել են դրամական վարձատրության դիմաց:


НТВ-ի ֆիլմում ներկայացված դեպքերը վերաբերում են «Սպիտակ օղակ» (Белое кольцо) ընդդիմադիր ակցիային: