ՕԵԿ կանայք հերքում են. ցուցակի տեղերի համար իրենց միջև տարաձայնություններ չկան

12:10 • 17.03.12

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ ՕԵԿ-ում, համամասնական ցուցակի կանանց հատկացված տեղերի համար տարաձայնությունների մասին տեղեկատվությունը սուտ է և կեղծ:

«Բացարձակապես դա ճշմարտությանը չի համապատասխանում: Երբևէ վեճ չի եղել ցուցակի հետ կապված, քանի որ բոլորն էլ իրենց տեղն ու դերն ունեն»,- Tert.am-ին ասաց ՕԵԿ պատգամավորը:

Իսկ թե ինչ հերթականությամբ են կանայք ցուցակում ընդգրկվել, Հեղինե Բիշարյանը նշեց, որ երբ պատրաստ լինի հրապարակման, բոլորն էլ կիմանան:

ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն իր հերթին հայտարարեց, որ ադ լուրը հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը. «Իմ և Հեղինե Բիշարյանի միջև հարաբերությունները, այսօր առավել քան երբևէ հիմնված է բարձր մակարդակի և փոխադարձ հարգանքի վրա և սա հերթական բամբասանքն է»,-ասաց նա և նշեց, թե բացի առաջին եռյակից, ոչ ոք չգիտի, ով որ տեղում է գտնվում համամասնական ցուցակում:

«Եթե կուսակցությունը չի հրապարակել համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցուցակը, ինչպես կարող է նման հարց առաջանալ»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն իսկ հաստատվել է, որ ցուցակը կգլխավորի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, երկրորդը տեղում կլինի Հեղինե Բիշարյանը, իսկ երրորդում` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակաման, տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը:

Ըստ թերթին հասած տեղեկությունների` Հեղինե Բիշարյանը ցանկանում է, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ կինը դառնա իր ուսուցչուհի ընկերուհին, որի հետ ժամանակին աշխատել է Երևանի թիվ 191 դպրոցում:

Սուսաննա Աբրահամյանը ավելցրեց, թե նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ ընկերուհու մասին է խոսքը: